Իվան ԻԼՅԻՆ
Ամեն մի գրող երբեմն երազում է սեփական ընթերցողի մասին. ինչպիսին է նա, ինչպես պետք է ընթերցի, որ ճիշտ ու լիովին ըմբռնի գրվածը։ Քանզի իսկական ընթերցողը խոստանում է նրան հոգևոր «հանդիպման» բաղձալի երջանկությունը։
Ինչ-որ իմաստով բոլորս «ընթերցողներ» ենք` աչքներս վազում են տառերի վրայով, տառերը կազմում են բառեր, բառերի հետևում թաքնված են որոշակի իմաստ ու կապ, ինչի շնորհիվ բառերը վերածվում են նախադասությունների, և դու արդեն պատկերացնում ես ինչ-որ ամենօրյա մի բան` տափակ, վաղանցիկ, ոչ միշտ արագ ընկալվող և նույն արագությամբ հանգիստ կորչող անցյալի խորխորատում։ Խե՜ղճ «ընթերցողներ»։ Ողորմելի՜ «ընթերցանություն»։ Մեխանիզմ առանց ոգու։ Դատարկախոսության հեղեղ։ Մակերեսահայեցության կուլտուրա։
Ո՛չ, այն, ինչը իրո՛ք կարելի է կոչել «ընթերցանություն», կատարելապես այլ բան է։ Նախ և առաջ արդեն գրված է այն, ինչը պիտի ընթերցվի` մեկը ապրել է, մտածել, զբաղվել, հնարավոր է` տառապել. նա ցանկացել է մեզ պատմել ինչ-որ բանի մասին, որը նրան թվացել է կարևոր։ Նա փնտրել է բառն ու արտահայտությունը, պայքարել ճշգրտության ու հստակության համար, ձգտել է գտնել գեղեցկություն և ռիթմ։ Եվ ահա նա հրամցնում է մեզ սեփական ստեղծագործությունը` թերթի հոդված, բանաստեղծություն, դրամա, վեպ, ուսումնասիրություն։
Մեր առջև զգացմունքների, գաղափարների, կերպարների, կոչերի մի ողջ հարստություն է, հոգևորի մի ամբողջ ծով` բացահայտ և միաժամանակ թաքնված։ Թող նա, ով կարող է, վերծանի ու կենդանացնի այս տառերի հավաքածուն։ Մտածում են, որ դա շատ հեշտ է, կարծում են, որ դա կարող են անել բոլորը։ Իրականում շատ քչերն են ընդունակ դա անելու։ Ինչո՞ւ։
Որովհետև գրքին հարկավոր է տալ ողջ ուշադրությունը, բոլոր հոգևոր ընդունակությունները և ճիշտ հոգևոր սահմանումը։ Թռուցիկ հայացք նետելով տողերին, ոչնչի չես հասնի։ Իսկական ընթերցանությունը պահանջում է կենտրոնացված ուշադրություն։ Նույնպես քիչ բանի կհասնես` կարդալով միայն սառը դատողությամբ և դատարկ երևակայությամբ։ Հարկավոր է ամբողջ սրտով ընկալել կրակոտ կիրքը, ականջ դնել նուրբ լիրիկական ոտանավորի բոլոր հառաչանքներին, իսկ մեծ գաղափարը կարող է պահանջել մեր ամբողջ էությունը։ Դա նշանակում է, որ ընթերցողը պետք է ճիշտ վերարտադրի գրողի հոգևոր և ոգևոր ակտը, հետևի նրան, ապրի դրանով։ Միայն այդ ժամանակ կիրականանա հեղինակի իսկական հանդիպումն ընթերցողի հետ։ Քանզի իսկական ընթերցանությունը յուրատեսակ գեղարվեստական պայծառատեսություն է, որը կոչված է և ընդունակ ճշտորեն և ամբողջովին վերարտադրելու մեկ այլ մարդու հոգևոր տեսիլքները, ապրելու նրանցով, զմայլվելու և հոգեպես հարստանալու։ Դա հաղթանակ է բաժանման, հեռավորության և դարաշրջանի նկատմամբ։ Դա ոգու զորություն է` կենդանացնելու տառերը, բացելու ինքդ քո մեջ ներքին տարածություններ, դիտելու ոչ նյութականը, նույնացվելու անծանոթ կամ նույնիսկ մեռած մարդկանց հետ և հեղինակների հետ վերապրելու տիեզերքի էությունը։
Ընթերցել նշանակում է փնտրել ու գտնել. ընթերցողը ձգտում է գտնել թաքցրած գանձն իր լիակատար ամբողջությամբ և սեփականացնել այն։ Դա ստեղծագործական պրոցես է, դա պայքար է հանդիպման համար, դա ազատ միասնություն է նրանց հետ, ովքեր թաքցրել են գանձը, դա հաղթական թռիչք է դեպի թվացյալ անհնարինը։
Հարկավոր է հոգալ ընթերցելու արվեստի մասին և ամրապնդել այն։ Ընթերցանությունը պետք է լինի խոր, այն պետք է դառնա ստեղծագործ և հայեցող։ Եվ միայն այդ ժամանակ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա ճշտորեն ըմբռնել, թե ինչն է արժանի ընթերցելու և ինչը` ո՛չ, ինչը կյանքի կկոչի ընթերցողի մեջ ոգի և բնավորություն, իսկ ինչը կբերի միայն քայքայում։
Ընթերցելու ձևից կարելի է ճանաչել մարդուն։ Որովհետև մեզնից յուրաքանչյուրն այն է, «ինչը» նա կարդում է, ամեն մարդ այն է, թե «ինչպես է» նա կարդում, և մենք բոլորս դառնում ենք այն, ինչը իմանում ենք կարդացածից, ասես լինենք ընթերցանության ընթացքում հավաքած ծաղիկների մի փունջ...
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ